ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ողորմի Ցուկերբերգի անցավորներին

Ողորմի Ցուկերբերգի անցավորներին
27.01.2025 | 14:41

Ինչ ուզում եք ասեք, բայց էս facebook-ն իրոք փրկություն էր գործազուրկ հայերի համար: Եվ կապ չունի՝ սեփակա՞ն ցանկությամբ են գործազուրկ, թե՞ հարկադրաբար: Ընդ որում, թե՛ ներսի, թե՛ դրսի ֆեյսբուքահայության մասին է խոսքը: Պատկերացնո՞ւմ եք, մենակությունից, սեփական անձի թերարժեքության զգացողությունից, լքվածությունից, էս անիրավ աշխարհի անարդարությունից, իշխանությունից ու ընդդիմությունից զզված ինչքան հայ կխենթանար տան չորս պատերի մեջ, եթե վիրտուալ այս տարածքը չլիներ: Չէ, ողորմի Ցուկերբերգի անցավորներին, փրկել է հայության գործազուրկ հատվածին իրական կյանքի հետ մեն-մենակ մնալու դաժան փորձությունից: Պատկերացրեք, facebook-ը չլիներ, ու սեփական ես-ի հետ մեն-մենակ մնացած մարդը, սեփական տան խունացած հայելու առաջ, անդառնալիորեն հուսահատ ձայնով ինքն իրեն հարց տար. «Հա՞վն է ձվից արարվել, թե՞ ձուն հավից»: Իսկ հիմա, խնդրեմ, տալիս է նույն հարցը վիրտուալ տարածքում, ու գնա՜ց... Հավի ու հավկիթի արարչագործ նախասկիզբը քննող-վերլուծող-ժխտող-հաստատող ի՜նչ հեղեղ է թափվում ֆեյսբուքյան հայելու պսպղացող պատից: Ոչինչ, որ հավերժական ռեբուսն այդպես էլ չի գտնում իր պատասխանը, և ոմանք շատ անսպասելիորեն հանգում են աքլորի առաջնայնության խիստ կասկածելի վարկածին: Կարևորը դա չէ: Շատ ավելի կարևոր է միայնության սարդոստայնից ֆեյսբուքյան «բազմաբնակարան» տարածք տեղափոխվելու բերկրանքը, որ թերարժեքության զգացողության հերն անիծում, չհասկացված լինելու տվածուրիկ բարդույթն էլ ուղարկում է գրողի ծոցը:

Մի խոսքով, չգիտեմ՝ դուք ո՞նց, բայց ես շարունակելու եմ պնդել այն, ինչ արդեն ասացի. եթե ոչ ամեն օր, գոնե մեռելոցից-մեռելոց ֆեյսահայության գործազուրկ հատվածը մոմ պիտի վառի Ցուկերբերգի հանգուցյալ նախնիների հիշատակին:

Լիլի Մարտոյան

27. 01. 2016

Դիտվել է՝ 31705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ